Հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող հաճախ տրվող հարցեր

ՀԱՐՑ 1.
Ո՞վ է անձին հաշմանդամ ճանաչում:

Անձին հաշմանդամ են ճանաչում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները /ԲՍՓՀ/: Հանրապետությունում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 25 հանձնաժողով, որից 3-ը մասնագիտացված` ակնաբանական, հոգեբուժական և մանկական:

ՀԱՐՑ 2.
Ինչպե՞ս է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննությունը` անձին հաշմանդամ ճանաչելու համար:

Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող ԲՍՓՀ-ն: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անձը հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի գրավոր դիմում և  իր անձնագիրը: Այն դեպքում, երբ քննվող անձը ինքնուրույն չի կարող ներկայացնել փաստաթղթերը, ապա դա կարող է անել նրա ներկայացուցիչը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի /հոգաբարձուի/  անձնագիրը:
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև անձի բուժումը կամ բուժսպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության  ուղեգիր /88 ձև/, որտեղ նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքները:
Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ  փորձաքննության անցկացման վայր եւ դրա մաuին նշել է դիմումում, ապա  հանձնաժողովը բժշկաuոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի  գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց):

ՀԱՐՑ 3.
Ինչպե՞ս է իրականացվում հաշվառում չունեցող  կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:

Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի  համապատասխան միջպետական պայմանագիր:

ՀԱՐՑ 4.
Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե նա բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:

ՀԱՐՑ 5.
Ինչպե՞ս և ի՞նչ  ժամկետում է հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը  հանձնվում անձին:

Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

ՀԱՐՑ 6.
Ի՞նչ կարգավիճակ է սահմանվում անձին  բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում:

Բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովի կողմից հաշմանդամ ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ, իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` “հաշմանդամ երեխա” կարգավիճակ:

ՀԱՐՑ 7.
Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:

1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ  և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ “հաշմանդամ երեխա” կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

ՀԱՐՑ 8.
Ե՞րբ է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը:

Հաշմադամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ “հաշմանդամ երեխա” կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:

ՀԱՐՑ 9.
Ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետևանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով և օրգանիզմի օրգանների  և  օրգան – համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության  կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության   անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ՆՊԱՍՏ, ՕԳՆՈւԹՅՈւՆ

ՀԱՐՑ 10.
Ո՞վ ունի հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) կողմից հաշմանդամ ճանաչած անձին`
ա) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով` անկախ ապահովագրական ստաժից,
բ) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ ապահովագրական ստաժը`

Տարիքային խումբը Ապահովագրական ստաժը
մինչև 23
2 տարի
23 – 26 3 տարի
26 – 30 4տարի
30 և ավելի 5 տարի

ՀԱՐՑ 11.
Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամության կենսաթոշակի վճարումը  հաշմանդամության խումբը փոխելու դեպքում:

Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:

ՀԱՐՑ 12.
Մինչև ե՞րբ է վճարվում կենսաթոշակը, եթե բժշկասոցիալական վերափորձաքննությամբ անձը հաշմանդամ  չի  ճանաչվել:

Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:

ՀԱՐՑ 13.
Ի՞նչ կարգով է իրականացվում  հաշմանդամի թաղման նպաստի վճարումը:

Թաղման նպաստ վճարվում է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով (200.000 դր.): Այն վճարվում է դիմումը և համապատասխան փաստաթղթերը  հաշմանդամի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում սոցիալական ապահովության տարածքային կենտրոն  ներկայացնելու դեպքում: Գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

ՀԱՐՑ 14.
Արդյո՞ք  վճարվում է թաղման նպաստ հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ ստանալու համար չդիմած անձի մահվան դեպքում:

Օրենքով սահմանված կարգով թաղման  նպաստ վճարվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում, եթե նա մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո 3 ամսվա ընթացում:

ՀԱՐՑ 15.
Արդյո՞ք վճարվում է թաղման նպաստ հաշմանդամության ժամկետը լրացած անձի մահվան դեպքում:

Օրենքով սահմանված կարգով թաղման նպաստ վճարվում է հաշմանդամության  ժամկետը լրացած և վերափորձաքննության  չներկայացած անձի մահվան դեպքում, եթե նա մահացել է հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում:

ՀԱՐՑ 16.
Ի՞նչ օգնություն է տրամադրվում հաշմանդամ զինծառայողներին:

Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրամադրվում է դրամական օգնություն` ամսական 9100 դրամի չափով (գազից, ջրամատակարարումից և տրանսպորտից օգտվելու համար):

ՀԱՐՑ 17.
Ի՞նչ չափով է նշանակվում զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը:

Զինծառայողների հաշմանդամության կենuաթոշակը նշանակվում է հետևյալ
չափերով`
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի
փոխհատուցման գումարի 70 տոկոuի չափով, բայց ոչ պակաu Հայաuտանի
Հանրապետության oրենuդրությամբ uահմանված բազային (5800դրամ) կենuաթոշակի 200 տոկոuից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի
փոխհատուցման գումարի 60 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակի
150 տոկոuից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի
փոխհատուցման գումարի 40 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակից:

ԲԺՇԿԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ՀԱՐՑ 18.
Ինչպիսի՞ միջոցառումներ է ներառում հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը:

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցներ): Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական և սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը և իրավահավասարությանը:

ՀԱՐՑ 19.
Ի՞նչ է  հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

Վերականգնողական անհատական ծրագրում uահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները,  տեuակները եւ ժամկետները, uոցիալական oգնության տեuակները, աշխատանքային  անհրաժեշտ պայմանները, ինչպեu նաեւ գործունեության uահմանափակվածությամբ  պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեuակները: Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: ՎԱԾ-ը 10-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն:
Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական  անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոց առման տեuակից, ձեւից եւ  ծավալից, ինչպեu նաև ամբողջ ծրագրի իրականացումից:

ՀԱՐՑ 20.
Ո՞ր մարմիններն են իրականացնում մասնագիտական վերականգնողական  օգնությունը:

Մասնագիտական վերականգնման օգնությունը տրամադրվում է`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունում և նրա տարածքային մարմիններում,
բ) միջին մասնագիտական և պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում,
գ)կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գործառույթներ իրականացնող կազմակերպություններում:

ՀԱՐՑ 21.
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ ստանալու համար:

Անձը պրոթեզաօրթոպեդիկ  և վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով
– անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական և նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
– համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
– հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաև վերականգնողական անհատական ծրագիր,
– լսողական սարք ստանալու համար` նաև սուրդոլոգի եզրակացությունը,
– աչքի և ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Պրոթեզաօրթոպեդիկ  պարագաները,վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները  տրամադրվում են անվճար:

ՀԱՐՑ 22.
Ու՞մ և  ի՞նչ ժամկետով  է անվճար  տրամադրվում  հաշմանդամի սայլակ:

Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում է սայլակ:
Հաշմանդամին սայլակը տրամադրվում է  3 տարի ժամկետով:

ՀԱՐՑ 23.
Ու՞մ է անվճար տրամադրվում լսողական սարք:

–   հաշմանդամներին` վերականգնողական անհատական ծրագրի և սուրդոլոգի եզրակացության հիման վրա,
–   տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց` սուրդոլոգի  եզրակացության հիման վրա,
–   մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի  եզրակացության հիման վրա:

ՀԱՐՑ 24.
Ովքե՞ր ունեն դեղորայքից անվճար օգտվելու իրավունք:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու իրավունք:

ՀԱՐՑ 25.
Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում հաշմանդամներին տնային պայմաններում:

Տնային պայմաններում միայնակ բնակվող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներից բաղկացած ընտանիքներին, որոնց կազմում չկան չափահաս, աշխատունակ անդամներ, տրամադրվում են կենցաղային և առաջնային բժշկական օգնություն, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն:

ԿՐԹՈւԹՅՈւՆ

ՀԱՐՑ 26.
Ի՞նչ արտոնություններ ունեն  հաշմանդամները ուսումնական հաստատություն ընդունվելիս:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ – մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն  անցումային միավորներ հավաքելու դեպքում:

ՀԱՐՑ 27.
Ե՞րբ է հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձը ուսումնական հաստատության անվճար համակարգից տեղափոխվում վճարովի համակարգ:

Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ:

ՀԱՐՑ 28.
Ո՞ր դեպքում է անձը ուսումնական հաստատության վճարովի համակարգից տեղափոխվում անվճար համակարգ:

Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում “հաշմանդամ երեխա” կարգավիճակ ստանալու կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության  անվճար համակարգ:

ԶԲԱՂՎԱԾՈւԹՅՈւՆ

ՀԱՐՑ 29.
Ի՞նչ աշխատանքային երաշխիքներ ունի հաշմանդամը:

Աշխատանքի ընդունելիս հաշմանդամի համար փորձաշրջան չի սահմանվում:
Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում է այլ անձանց առողջությանը և աշխատանքի անվտանգությանը:
Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում ստացող անձանց:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

ՀԱՐՑ 30.
Ի՞նչ աշխատաժամանակ է սահմանվում 1-ին և  2-րդ խմբերի հաշմանդամների համար:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: