Իր 6-ամյա առաքելության ընթացքում «ԷԽՈ» ՀԿ թիմը իրականացրել է բազմաբնույթ ծրագրեր` բժշկական, կրթական, ֆինանսական և այլն, որոնք պարբերական և շարունակական բնույթ են կրում:
Բժշկական
Կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին պարբերաբար տրամադրում է դեղորայք, սայլակներ և քայլակներ` ըստ հիվանդի կողմից ներկայացված հատուկ փաստաթղթերի:
«Օգնենք մեր երեխաներին լսել» ծրագրի շրջանակներում, որն էլ ուղղված է ծանրալսությամբ տառապող երեխաների աջակցությանը, ձեռք են բերվում բարձրորակ և թանկարժեք թվային ականջակալներ: Եվ արդեն «ԷԽՈ» ՀԿ-ի ջանքերով տասնյակ երեխաներ կարողանում են լսել: Եվս մի քանի տասնյակն էլ մեծ անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ անցնելով բժշկական հետազոտություն, իրենց էլ կտրամադրվեն համապատասխան լսողական թվային ապարատներ:
«ԷԽՈ» աջակցման կենտրոնը 2010թ.-ից իրականացնում է «Առողջ մանկություն» ծրագիրը, որը ուղղված է օնկոլոգիական հիվանդություններով (լեյկոզ) տառապող երեխաների աջակցմանը: Ձեռք է բերվում դեղորայք`քիմիոթերապիայի կուրսը լիարժեք ստանալու համար, ինչպես նաև հարակից դեղորայք` ընդհանուր բուժման համար: Մեծ ցանկություն է, որ արյան հիվանդություններով տառապող հայ երեխաները Հայաստանում ստանան այնպիսի բուժում, ինչպիսին կա արտերկրում: Ցավոք, մենք դեռ խնդիր ունենք լրացնելու այդ բացը:
Մարդասիրական օգնություն
Կազմակերպության շահառուներ են հանդիսանում հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներ, որոնց պարբերաբար բաժանվում են նվերներ`սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ և այլն:
Իրազեկում
«ԷԽՈ» աջակցման կենտրոնը հրապարակեց իր իրազեկման բլոգը` www.irazekum.org, որի առաջնային նպատակն է հասարակության զարգացումն ու իրազեկումը: Կան շատ խնդիրներ, որոնք այժմ ավելի արդիական են և որոնց դեմ պայքարի լավագույն միջոցն է իրազեկումը: Իրականացնում է նաև «ՀԿ-ների զարգացում» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել և կայունացնել ՀԿ-ների գործունեությունը: Ծրագրի շրջանակում նախագծվում և պատրաստվում են անվճար վեբ կայքեր, որի շնորհիվ խթանվում է ՀԿ-ների գործունեությունը:
Մշակույթ
Մկրտությունը հոգևոր ծնունդ է և քրիստոնեական եկեղեցու կարևոր խորհուրդներից մեկն է, որը յուրաքանչյուրի կյանքում լինում է մեկ անգամ: Մկրտությունը կատարվում է Քրիստոսի տված շնորհով և նրա կողմից հաստատված խորհրդով: Մկրտվողը վերստին ծնվում է հոգով, մաքրվում մեղքերից`միախառնվելով աստվածային էությանը: Բայց կան այնպիսի մարդիկ, ովքեր սոցիալական ծանր վիճակից ելնելով չեն կարողանում մկրտվել, ստանալ հոգևոր ծնունդ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «ԷԽՈ» ՀԿ թիմը կազմակերպել է 120 հաշմանդամ և սոց. անապահով երեխաների մկրտության արարողություն:
Միջոցառումներ
Ամեն տարի է ավանդաբար «ԷԽՈ» աջակցման կենտրոնը մեծ շուքով նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը`հունիսի 1-ը, հաշմանդամների միջազգային օրը`դեկտեմբերի 3-ը և Ամանորը: Բոլոր տոներին էլ կազմակերպվում է համերգ, տիկնիկային ներկայացում, իսկ վերջում` հյուրասիրություն և նվերների բաժանում, որտեղ պարբերաբար ընդգրկվում են 100 հաշմանդամ և սոց. անապահով ընտանիքի երեխաներ: Կազմակերպության շահառուներ են հանդիսանում հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաները, որոնց պարբերաբար տրամադրվում են դեղորայք` հիվանդի կողմից ներկայացված հատուկ փաստաթղթերի հիմքով: