Իրազեկվի՛ր և ասա ո՛չ ընտանեկան բռնությանը

violence

Ներընտանեկան բռնության ուսումնասիրությունն սկսվել է բավականին ուշ: Դարեր շարունակ ընտանեկան հարաբերությունների նահապետական մոդելի գերիշխանությամբ եվրոպական սոցիալ-մշակութային միջավայրում` ընտանիքի գլխավորի, իշխանությունը մյուս անդամների կյանքի, վարքագծի և ունեցվածքի վրա համարվում էր բացարձակ, իսկ հետագայում՝ առաջնային: Ընտանիքի մյուս անդամները իրավունք չունեին պաշտպանել իրենց ֆիզիկական անձեռնմխելիությունը և արժանապատվությունը: Այսօր էլ ամուսնու կամ կնոջ՝ իր սեռական ռեսուրսները տնօրինելու իրավունքը, ամենուրեք չէ, որ ճանաչվում է:

Երեխաների անձեռնմխելիությունը նույնպես երկար ժամանակ մերժվում էր եվրոպական հասարակական գիտակցության կողմից: Երեխաները համարվում էին մեղսավոր էակներ, և նրանց դեպի բարին ուղղելու համար ծնողներն ու դաստիարակները պարտավոր էին կիրառել հարկադրման բոլոր միջոցները: Ընդ որում՝ ծնողական սերն ամենևին չէր բացառում, այլ նախատեսում էր մարմնական պատիժները:

Անհատի և ողջ հասարակության ազատագրումը եկեղեցական բարոյախոսությունից, հոգեբանական հեղափոխությունը, որը հաստատեց յուրաքանչյուր անհատի՝ անկախ տարիքից, սեռից և այլ առանձնահատկություններից, երջանկության իրավունքը, հաստատվեցին ինչպես ընտանիքի չափահաս անդամների, այնպես էլ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի անհանդուրժելիության պատկերացումները: Ավելին, առանձին անհատներ և ողջ հասարակությունն ավելի «զգայուն» դարձավ բռնության նկատմամբ՝ որպես դաժանություն դիտելով այն, ինչը նախկինում կարող էր համարվել միայն բանական խստություն կամ անձի խառնվածքի յուրահատկություն:

Նման փոփոխությունները հանգեցրին ընտանեկան բռնության խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրության աճին, ընդ որում հետազոտությունների շնորհիվ բացահայտվեց ներընտանեկան անհանդուրժելի հարաբերությունների մի այնպիսի ցնցող տարածվածություն, որը սովորաբար թաքցվում է կողմնակի անձանց աչքից: Ձևակերպվեցին որոշ ենթադրություններ ներընտանեկան դաժանության պատճառների մասին, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

Նախ, բռնությունը կարող է ունենալ սոցիալ-մշակութային բնույթ, լինել ընտանեկան փոխհարաբերությունների էության մասին քարացած պատկերացումների անբաժանելի մաս, որն ընկալվել է դաստիարակության հետ, ամրապնդվել արտաքին տպավորություններով և այդպիսով ներկայացել որպես միակ հնարավոր մոդել: Երկրորդ, դա չի հակասում պատճառների առաջին խմբին, քանի որ կարող է լինել անհատի կամ անհատների անձնական կենսափորձի հետևանք, և դրանով իսկ նրանց համար նույնպես ստեղծվում է փոխհարաբերությունների նման տեսակը համընդհանուր համարելու հիմք: Պատճառների երրորդ խումբը կապված է «մանկության վնասվածքի»՝ վաղ տարիքում ունեցած կործանարար փորձի հետ, ինչն ստիպում է անհատին ինչ-որ չափով մերձավորների վրա «թափել» իր մանկական բարդույթները: Այնուհետև, անհատի անձնական կայունության սահմանները գերազանցող արտաքին ազդեցությունների հետևանքով առաջացած ապահատուցումը (դեկոմպենսացիա) ստիպում է նրան տանը փնտրել իր անբավարարվածության փոխհատուցումը՝ ինքնահաստատվելով ավելի թույլերի հաշվին, որոնք ընդունակ չեն հակահարված տալ և պաշտպանել իրենց: Վերջապես, պատճառների հինգերորդ խումբը բնորոշվում է անհատի անձնական նախադրյալներով, իշխող գծերի գերաճով, բնավորության շահագործողական յուրահատկություններով, որոնք ժամանակին չեն փոխհատուցվել դաստիարակությամբ:

Դաժան վերաբերմունքի ձևերը չեն հանգում միայն ծեծին, դրանք ներառում են ոտնձգություն ընտանիքի անդամի անհատականության, ֆիզիկական, հոգեկան և այլ ընդունակությունները տնօրինելու նրա իրավունքի դեմ: Ուստի դաժան վերաբերմունքի դրսևորում պիտի համարել բարոյահոգեբանական բռնությունը, երբ ընտանիքի այն անդամը, որը հնարավորություն ունի որոշել մյուս անդամների վարքագիծը, արգելում է նրանց շփվել ցանկալի բարեկամների և հարևանների հետ: Կամ, օրինակ, ամուսինը դեմ է կնոջ արտատնային զբաղվածությանը՝ չթողնելով նրան աշխատել կամ ստիպում է թողնել աշխատանքը: Այստեղ հնարավոր է կնոջ նկատմամբ խեղաթյուրված հոգատարությունը, բայց ամենից հաճախ դա իշխելու, ուրիշին ստորացնելով՝ իրեն բարձրացնելու գիտակցված կամ չգիտակցված ձգտման դրսևորում է: Նույն կերպ կարելի է մեկնաբանել ընտանիքի որևէ անդամի կրթություն ստանալու, որակավորումը բարձրացնելու ձգտմանը խոչընդոտելը:

Ոչ պակաս վնասակար կարող են լինել հուզական-հոգեբանական այնպիսի դրսևորումները, ինչպես ծաղրը, վիրավորանքը, նսեմացնող համեմատությունները, անհիմն քննադատությունը: Այդպիսի վարքագիծը և հոգեբանական մթնոլորտը ապակառուցողական ազդեցություն են թողնում ընտանիքի անդամների փոխհարաբերությունների, նսեմացված անձանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

Դաժանության առավել կործանարար, թեև դժվար ախտորոշվող, ձևերից է (ամենից առաջ՝ երեխաների հանդեպ) զգացմունքային վանումը, սառնությունը, առանց հոգեբանական և բարոյական աջակցության թողնելը: Եթե առանց խնամքի թողնելը, հոգատարության պակասը կարող է պատճառ լինել երեխաների կյանքին այն անձանց միջամտելու համար, ովքեր լիազորված են հետևել նրանց բարեկեցությանը (խնամակալություն, հոգաբարձություն, ներքին գործերի մարմինների ներկայացուցիչներ և այլն), ապա զգացմունքային ջերմության պակասը արտաքին վնասվածքների հետք չի թողնում, բայց առողջության վրա կարող է ազդել հեռահար հետևանքներով, զարգացող մարդու բնավորության և ճակատագրի վրա թողնել խոր և անուղղելի հետք: «Մանկության վնասվածքն» իրեն զգացնել կտա արդեն չափահաս անհատի՝ իր սեփական ընտանիքի, իր սեփական երեխաների նկատմամբ վերաբերմունքի մեջ: Ի դեպ, նման զգացմունքային վանումը կործանարար ազդեցություն է ունենում նաև ընտանիքի մեծահասակ անդամների բնավորության վրա:

Վերջապես, անձի, նրա առողջության և հենց կյանքի համար Դ.վ.ը-ի ամենավտանգավոր տեսակը ֆիզիկական և սեռական բռնությունն է: Դրանք կարող են զուգակցվել կամ դրսևորվել առանձին:
Ֆիզիկական բռնությունն այն է, երբ ընտանիքի անդամը (անդամները) մյուս անդամին (անդամներին, առաջին հերթին՝ երեխաներին և կանանց) ֆիզիկական ցավ է պատճառում, վերք է հասցնում կամ սպանում է: Դա կարող է կատարվել ծեծի, խեղդելու, կծելու ձևով և այլն:

Անձի սեռական անձեռնմխելիության խնդիրը, իր սեռական ընդունակությունները տնօրինելու իրավունքն ամենևին էլ լրիվ գիտակցված չեն հասարակության մեջ: Միայն վերջին տարիներին է ճանաչում գտել այն տեսակետը, որ ընտանիքի չափահաս անդամն իրավունք ունի կամավոր համաձայնվել կամ չհամաձայնվել սեռական հարաբերություն ունենալ նույնիսկ իր ամուսնու հետ: Սեռական ոլորտում դաժանության հարցը պետք է դիտարկվի նաև երեխաների առնչությամբ:
Սեռական բռնությունն այն է, երբ մեծահասակներն անչափահաս երեխաներին օգտագործում են իրենց սեռական պահանջմունքները բավարարելու համար: Դրանք կարող են լինել հպումներ, շոյանք, սեռական հարաբերություն, ձեռնաշարժություն կամ հետանցքային սեռական հարաբերություն, ինչպես նաև այլասերված այլ գործողություններ՝ ներառյալ երեխաներին տարբեր ձևերի պոռնոգրաֆիա ցուցադրելը:

Երեխային անառակաբարո գործողությունների մղելու նպատակով հաճախ կիրառվում է ֆիզիկական բռնությունը: Սակայն զգացմունքայնորեն վանված և սոցիալապես անուշադրության մատնված երեխաները հաճախ իրենց սեռական ռեսուրսներն օգտագործում են մեծահասակներին “կաշառելու” համար, որպեսզի փոքր-ինչ ձեռք բերեն նրանց ջերմությունը և ուշադրությունը: Նման առանձնահատուկ, սեռականացված վարքագիծը դժվարությամբ է ուղղվում, անգամ եթե երեխաները հետագայում հայտնվում են նորմալ, սեռական շահագործումը բացառող պայմաններում:

Ֆիզիկական և սեռական բռնությունը կործանարար է ազդում մեծահասակների, առավել ևս երեխաների վրա: Այն վերապրած անձանց բնորոշ են երկար ժամանակ պահպանվող ընկճվածության վիճակը, տագնապի սրացումները, հպումների և շփումների նկատմամբ վախը, գիշերային մղձավանջները, մեկուսացվածության զգացումը և ցածր ինքնագնահատականը:
Ընտանիքի առավել թույլ անդամներին, առաջին հերթին` երեխաներին, դաժան վերաբերմունքից պաշտպանելը սոցիալական աշխատողի կարևորագույն խնդիրներից մեկն է: Հաճախ դաժան վերաբերմունքի ենթարկվողները վախեցած են կամ ի վիճակի չեն պատմել, թե իրենց հետ ինչ է կատարվում՝ չհասկանալու, փոքր տարիքի կամ այլ օբյեկտիվ պատճառներով: Որպես կանոն, վարքագծի այս տեսակը շրջապատի աչքից թաքնված է: Որոշ դեպքերում դրա հետևանքները չեն մնում կամ արագ անհետանում են: Այդ պատճառով ցանկալի է իմանալ գլխավոր և երկրորդական այն պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի: Դրանք են նախահարձակությունը, գրգռված վարքագիծը, օտարվածությունը, անտարբերությունը, ավելորդ զիջողականությունը կամ զգուշությունը, ավելորդ, տարիքին ոչ հարիր սեռական տեղեկացվածությունը, որովայնում ցավի անհասկանալի ծագումը, սնվելու հետ կապված խնդիրը՝ շարունակական գերսնումից մինչև ախորժակի լրիվ բացակայություն, անհանգիստ քունը, մղձավանջները, գիշերամիզությունը:

Բացի այդ, մեծահասակների և երեխաների փոխհարաբերություններում կարող է առկա լինել ընդգծված գաղտնապահություն, վախ ինչ-որ մեկի նկատմամբ, նրա հետ մենակ չմնալու մեծ ցանկություն: Երբեմն ծնողները երեխաներին արգելում են դպրոց գնալ: Դպրոցական կյանքին նման երեխաները քիչ են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում: Նրանք քիչ ընկերներ են ունենում կամ ընդհանրապես չեն ունենում: Երեխաների զարգացումը հետ է մնում, նրանք վատ են սովորում: Երեխաները չեն վստահում մեծերին, հատկապես նրանց, ովքեր մոտ են գտնվում: Նրանք կարող են փախչել տնից, ինքնասպանության փորձ կատարել, իրենց մարմնական վնասվածք հասցնել: Մաշկի վրա ծեծի, այրվածքների հետքերը, աչքի խնձորակի մեջ արյուն լցվելը, հագուստի վրա արյան կամ սերմնահեղուկի հետքերը կարող են վկայել դաժան վերաբերմունքի մասին:

Այդօրինակ նշանների առկայությունը լուրջ պատճառ է ընտանիքում տիրող մթնոլորտը խորությամբ ուսումնասիրելու համար: Ախտորոշմանը սոցիալական աշխատողի, հոգեբանի, բժշկի, երբեմն՝ ներքին գործերի մարմինների աշխատակիցների մասնակցությունը պետք է տա կատարվող դեպքերի օբյեկտիվ պատկերը և օգնի վերացնել ընտանիքում մեծերի և փոքրերի նկատմամբ դաժան վերաբերմունքի երևույթը: Երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի դրսևորումը, մեծերի անուղղելի վարքագիծը կարող են լինել ծնողական իրավունքներից նրանց զրկելու կամ Դ.վ.ը-ի համար մեղավոր անձի դեմ քրեական հետապնդում սկսելու պատճառ:

Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների կարևորագույն մասն է նաև կանխիչ և կանխարգելիչ գործունեությունը, ընտանիքում դաժան վերաբերմունքի և դրա նախադրյալների առաջացման կանխումը: Դա՝ տեղեկատվական-քարոզչական ակտիվությունն է, ընտանիքների սոցիալական վերահսկողությունը, վերլուծական-ախտորոշիչ գործունեությունը և բախումնաբանական աշխատանքը բնակչության հետ: Պետք չէ ինքնահաստատվելու համար դիմել ընտանեկան բռնության: