Փաստաբանական հաճախ տրվող հարցեր

Ո՞վ է փաստաբանը:

Փաստաբան է համարվում այն անձը, ով օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր,փաստաբանների պալատի անդամ է և տվել է երդում։ Փաստաբանը համարվում է իրավական հարցերով անկախ խորհրդատու։

Փաստաբանն աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ:

Ո՞վ կարող է դիմել փաստաբանին:

Փաստաբանին կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ: Ֆիզիկական անձանց թվին դասվում են ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակվող քաղաքացիություն չունեցող անձիք և օտարերկրյա պետության քաղաքացիները:

Իրավաբանական անձիք բաժանվում են առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների:

Ի՞նչ լիազորություններ ունի փաստաբանը:

Քաղաքացիական և քրեական դատավարությունում, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթում որպես վստահորդի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի իրավունքները սահմանվում են օրենքով։

Փաստաբանը մասնավորապես իրավունք ունի՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնելու կամ պաշտպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաև ներկայացնելու վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում.
  2. օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ.
  3. դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու պաhանջով։ Նշված մարմիններն ու կազմակերպությունները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
  4. համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, ովքեր, ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս.
  5. պայմանագրային հիմունքներով մասնագետներ ներգրավելու` իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցեր պարզաբանելու համար:

Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների և հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ:

Փաստաբանը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, ներառյալ՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս դատարանում, հետաքննության, նախաքննության և այլ մարմիններում հայտնած կարծիքի և դիրքորոշման համար:

Ինչպե՞ս է փաստաբանն աջակցում խախտված իրավունքների վերականգնմանը:

Փաստաբանը պատվիրատուի խնդրանքով տրամադրում է իրավաբանական հարցերով խորհրդատվություն, ինչպես նաև անձամբ ներգրավում է գործին, քաղաքացիական և վարչական գործերով հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, իսկ քրեական գործով ներգրավում է որպես պաշտպան:

Արդյո՞ք հնարավոր է միջամտել փաստաբանի գործունեությանը:

Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների և հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ:

Փաստաբանը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, ներառյալ՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս դատարանում, հետաքննության, նախաքննության և այլ մարմիններում հայտնած կարծիքի և դիրքորոշման համար:

Արդյո՞ք փաստաբանի ծառայությունների դիմաց պետք է վճարել:

Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց։

Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով։

Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նախատեսված դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և հետևյալ դեպքերում.

  1. ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով.
  2. խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:

Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է փաստաբանների պալատը պետության հաշվին` «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաև փաստաբանի նախաձեռնությամբ։

Ո՞ր դեպքում կարելի է դիմել փաստաբանին:

Փաստաբանին կարելի է դիմել ինչպես ցանկացած իրավունքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, իրավահարաբերությանը մասնակցություն ցուցաբերելու, անպես էլ ցանկացած իրավունքի խախտումը վերացնելու և վերականգնելու համար:

Կա՞ արդյոք դիմումի ձև:

Փաստաբանին դիմելու համար կա համապատասխան դիմումի ձև, որը կարող եք բեռնել այստեղից: Այն կարող է կազմվել նաև Ձեր կողմից:

Ի՞նչ ժամանակահատվածում է փաստաբանն ընթացք տալիս դիմումին:

Պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման և պայմանագրի կնքման պահից փաստաբանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները իր վստահորդի շահերը պաշտպանելու և վերականգնելու համար:

Հեղինակ՝ www.iravunk.info