ՄԻԱՎ / ՁԻԱՀ

 

UNAIDS logoՄարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)` ախտահարում է մարդու իմունային (պաշտպանական) համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: ՄԻԱՎ վարակ` երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)` զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր անձանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնումզանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:ՄԻԱՎ վարակակիր` մարդ, ում օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ դրա նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ վարակակիրն իր ողջ կյանքի ընթացքում վարակի աղբյուր է:

ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խորն ախտահարում և դրա հետևանքով առաջացած ախտաբանական դրսևորումներ:

Ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը

Վիրուսը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Այդ հեղուկներն են`
– արյունը,
– սերմնահեղուկը,
– հեշտոցային արտազատուկները
– մայրական կաթը:
Դա նշանակում է, որ կարելի է վարակվել
– առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,
– չախտազերծված ներարկիչների և ասեղների օգտագործման ժամանակ,
– վերքերի, խոցերի, լորձաթաղանթների միջոցով օրգանիզմ արյան ներթափանցման ժամանակ, արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ,
– վարակակիր մորից երեխային` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և մայրական կաթով կերակրելիս:

Ինչպես կանխել վարակումը

Շատ պարզ. պետք է կանխել արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների և մայրական կաթի ներթափանցումը օրգանիզմ: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է.

1. Ունենալ անվտանգ վարքագիծ`
– չօգտագործել թմրամիջոցներ
– հավատարիմ մնալ զուգընկերոջը
– չունենալ պատահական սեռական կապեր
– օգտագործել միանվագ ներարկիչներ և ասեղներ
– պատահական սեռական հարաբերությունների ժամանակ միշտ օգտագործել պահպանակ

2. Մաշկի, լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող միջամտությունների ժամանակ միշտ օգտագործելմիանվագ կամ ախտազերծված գործիքներ:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում

– Համբուրվելու, գրկախառնվելու կամ բարևելու միջոցով,
– Օդի միջոցով. հազալիս կամ փռշտալիս,
– Սննդամթերք կամ կենցաղային իրեր համատեղ օգտագործելիս,
– Միևնույն զուգարանից, բաղնիքից, լողավազանից կամ սաունայից օգտվելիս,
– Միջատների միջոցով, կենդանիներից:

Ինչպես է ՄԻԱՎ վարակակրությունն անցնում ՁԻԱՀ-ի փուլին

ՄԻԱՎ-ը ախտահարում է իմունային համակարգի կարևոր բջիջները` CD4 լիմֆոցիտները: Դա տեղի է ունենում տարիների ընթացքում և ավարտվում է իմունային անբավարարությամբ, այսինքն` իմունային համակարգն ալյևս չի կարողանում արդյունավետ կերպով պայքարել որևիցե հիվանդության դեմ: ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում այն մարդկանց մոտ, որոնց առողջությունն ի սկզբանե թույլ է եղել: ՁԻԱՀ-ի զարգացումն արագանում է վնասակար ազդակների` թմրամիջոցների օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, ծխելու, վատ սնվելու, սթրեսների հետևանքով: Վնասված և թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց մոտ կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, որոնք չեն հանդիպում առողջ իմունային համակարգ ունեցողների մոտ: ՁԻԱՀ-ը բնորոշվում է պայմանական ախտածին մանրէներով (սրանք նորմալ իմունիտետի պայմաններում հիվանդություններ չեն առաջացնում) պայմանավորված վարակների, չարորակ նորագոյացությունների առկայությամբ, նաև արյան մեջ CD4 բջիջների քանակի նվազումով մինչև 200 բջիջ 1մմ3 արյան մեջ (CD4 բջիջների նորմալ քանակությունը 1մմ3 արյան մեջ 800-1200 լ է):
ՄԻԱՎ վարակակիրը կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ 7-15 տարի:

Ինչպես կարելի է հայտնաբերել ՄԻԱՎ-ը

Օրգանիզմում ՄԻԱՎ-ը հայտնաբերելու մեթոդներից մեկը արյան շիճուկում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունն է, որի ժամանակ հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից ՄԻԱՎ-ի նկատմամբ արտադրված յուրահատուկ հակամարմինները: Հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական:
Դրական պատասխան. նշանակում է` մարդու մոտ հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ: Դա վկայում է այն մասին, որ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով:
Բացասական պատասխան. նշանակում է` մարդու օրգանիզմում չեն հայտնաբերվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ: Հետազոտությունը կարող է լինել բացասական`
– եթե մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով, սակայն օրգանիզմում դեռևս չեն արտադրվել վիրուսի նկատմամբ հակամարմիններ («պատուհանի շրջան»)
– եթե մարդը գտնվում է ՁԻԱՀ-ի փուլում:

Ինչ է նշանակում «պատուհանի շրջան»

Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է արյան մեջ, օրգանիզմի կողմից սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Այդ հակամարմինների արտադրման համար օրգանիզմին անհրաժեշտ է 2 շաբաթից մինչև 3 ամիս, իսկ երբեմն մինչև 1 տարի ժամանակահատված:
Այն շրջանը, երբ վիրուսն արդեն առկա է, սակայն հակամարմիններ դեռևս չեն արտադրվել, կոչվում է «պատուհանի շրջան»: Արդեն «պատուհանի շրջանում» ՄԻԱՎ վարակակիրը կարող է ՄԻԱՎ-ը փոխանցել ուրիշներին, չնայած այս փուլում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը լինում է բացասական:

Ինչու հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

Եթե կասկածում են, որ հնարավոր է վարակված լինեք ՄԻԱՎ-ով, ապա պետք է հետազոտվեք,որպեսզի ճշտեք Ձեր առողջական կարգավիճակը և ըստ դրա պլանավորեք Ձեր հետագա գործողությունները, այսինքն`
– ժամանակին սկսեք հատուկ դեղամիջոցների օգտագործումը` կանխելով ՁԻԱՀ-ի զարգացումը,
– լինեք ավելի ուշադիր սեփական առողջության նկատմամբ, քանի որ ՄԻԱՎ վարակի առկայության դեպքում ցանկացած հիվանդություն ընթանում է ավելի ծանր և պահանջում է հատուկ բուժում,
– չվարակեք Ձեր հարազատ և սիրելի մարդկանց:

Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

Դուք կարող եք հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն իրականացնող ցանկացած հաստատությունում:
Հետազոտության արդյունքը հայտնվում է միայն Ձեզ, նաև երաշխավորվում է հետազոտության լիակատար գաղտնիությունը: Հետազոտվել կարելի է նաև անանուն:

Պաշտպանված եք արդյոք ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունից հետո

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը տեղեկություն է տալիս օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին: Եթե հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակված չեք, դա չի նշանակում, որ Դուք այլևս ենթակա չեք վարակվելու վտանգին:

Եթե Դուք արդեն գիտեք, որ վարակված եք ՄԻԱՎ-ով…

– Իմացեք բժշկից, թե ինչ պետք է անել, որպեսզի հնարավորինս խուսափեք այլ վարակներից և հիվանդություններից, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել իմունային համակարգի համար:
– Մտածեք, թե ում է անհրաժեշտ տեղեկացնել Ձեր ախտորոշման մասին, ում` ոչ: Պատրաստ եղեք, որ որոշ մարդիկ կարող են հրաժարվել Ձեզ հետ շփվելուց, երբ տեղեկանան Ձեր ախտորոշման մասին:
– Մանրամասն տեղեկացեք Ձեր պարտականությունների և իրավունքների մասին:
– Ընդունե՛ք Ձեզ այնպես, ինչպես կաք:
– Ապրե՛ք խաղաղության մեջ ինքներդ Ձեզ հետ:
– Մեղավորներ մի՛ փնտրեք Ձեր հիվանդության համար: Իսկ եթե անգամ գտնեք, ապա հիշե՛ք, որ միևնույն է Դուք չեք դադարելու վարակված լինել:
– Հիշե՛ք, որ մեկ տարի անց Ձեր առողջությունը հավանաբար կլինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Իսկ ինչ կլինի մի քանի տարի անց, դա արդեն կախված է Ձեզանից և Ձեր վարքագծից:
– Հիշե՛ք, որ կան դեղեր և բուժման մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է երկարացնել կյանքը:
– Հիշե՛ք, որ ցանկացած պահին մարդկությունը կարող է հայտնագործել ՁԻԱՀ-ի վերջնական բուժումը:
– Հետևաբար երբեք մի՛ հուսահատվեք: