Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց բժշկական օգնություն ստանալու արտոնությունները սահմանված են՝ ըստ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում:
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:
Հաշմանդություն ունեցող անձինք իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ:
ՀՀ Կառավարության որոշմամբ մյուս բոլոր պետական երաշխիքներին ծանոթանալու համար ներկայացնում ենք նաև ՀՀ առողջապահության նախարարության պատասխանը մեր հարցումներին:
1. Ո՞ր բժշկական ծառայություններն են անվճար և հաշմանդամության ո՞ր խմբի համար:
Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բուժօգնության ծառայությունները սահմանված ծավալներով տրամադրվում են բնակչության բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական պատկանելությունից:
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունը տրամադրվում է բնակչության բոլոր խմբերին՝ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված «Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների» ցանկին համապատասխան:
2. Ի՞նչ արտոնություններ են սահմանված մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց համար բժշկական ծառայություններից օգտվելիս:
Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդգրկված են ՀՀ Կառավարության 2004 թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում և օգտվում են ցանկում ընդգրկված խմբերի համար համապատասխան կարգով սահմանված բոլոր արտոնություններից:
Պետական պատվերի շրջանակներում է իրականացվում մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժօգնությունը, վերականգնողական և առողջարանային բուժումը, դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը և դեղերով ապահովումը: Պետական պատվերի շրջանակներում իրականացվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների օրթեզավորումը և կորսեթավորումը:
18 տարեկան երեխաները բոլոր ծառայությունների մասով ազատված են համավճարից:
Նշենք, որ համավճարը, ընդհանուր ձևակերպմամբ, բժշկական օգնություն և սպասարկում ստացողի կողմից իրականացված ուղղակի վճարումն է բժշկական ապրանքների կամ ծառայությունների այն արժեքի համար, որը ներառված չէ գնի մեջ, կամ բժշկական ծառայության իրական արժեքի և պետության կողմից սահմանված գնի տարբերությունն է, որը վճարվում է բուժօգնություն ստացողի կողմից:
3. Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի, որպեսզի պետպատվերի տեղերը սպառված չլինեն:
Հայաստանի Կառավարության 2004 թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման համաձայն` պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում իրականացնող բուժկազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում տարեկան հաստատված գլոբալ (սահմանափակ) բյուջեի սկզբունքով՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով: Ամսական կտրվածքով բյուջեի սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալացումն իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով, բացառությամբ հետևյալ ծառայությունների.
ա) սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդություններ,
բ) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ,
գ) ծննդօգնություն,
դ) 0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,
ե) անհետաձգելի վիճակների բուժօգնություն:
4. Արդյոք պետպատվերի քանակը որոշվում է ըստ հաշմանդամություն ունեցող մարդկանց թվի՞:
«Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշելիս հաշվի է առնվում նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց թիվը՝ համաձայն ՀՀ Կառավարության 2004 թ. մարտի 4-ի 318-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետի:
6.Կարո՞ղ են արդյոք պետպատվեր իրականացնել մասնավոր կլինիկաները և որո՞նք են դրանք:
Պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն և սպասարկում տրամադրում են բոլոր այն բուժկազմակերպությունները, անկախ սեփականության ձևից, որոնք ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքել են «Պետական պատվերի շրջանակներում բնակչությանը անվճար բուժօգնություն և սպասարկում մատուցելու մասին» պայմանագիր:
ՀՀ առողջապահության նախարարությունը 2012-ին պայմանագրեր է կնքել մոտ 450 բուժհաստատությունների հետ, ի թիս որոնց 108-ը` մասնավոր, օրինակ՝ «Էրեբունի» «Նաիրի», «Արմենիա» բժշկական կենտրոնների, «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի», «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի», «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնի», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի», «Նատալի ֆարմ («Մալաթիա» ԲԿ)», «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ների, «Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ», «Վլ. Ավագյանի անվան ԲԿ» ՍՊԸ-ների հետ և այլն:
7.Եթե կա այնպիսի վիրահատության կարիք, որը Հայաստանում չի կատարվում, բայց անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող մարդուն, պետությունն ինչպե՞ս է աջակցում:
Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում ՀՀ-ից դուրս բուժման ուղեգրումը իրականացվում է միայն ճանապարհածախսի մասով: Հիվանդին և ուղեկցողին տրամադրվում են օդանավի (մեկնումի և վերադարձի) տոմսեր՝ առանց տվյալ երկրում բուժման ծախսերի փոխհատուցման:
ՀՀ-ից դուրս բուժման ուղեգրումն իրականացվում է միայն ԱՊՀ երկրներ: Ճանապարհածախսի փոխհատուցումը և ուղեգրման կարգն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով (ՀՀ ԱՆ 2012 թ. հունվարի 17-ի թիվ 30-Ա հրաման):
Հ.Գ. Միաժամանակ նշենք, որ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվում է «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» և «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում բուժման համավճարային սկզբունքի կիրառման կարգը, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ բուժհիմնարկներում («Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն», «Նաիրի բժշկական կենտրոն», «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ներ և «Արաբկիր ԲՀ» ՍՊԸ ) մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր փորձարարական եղանակի կիրառման հետ կապված հարաբերությունները և բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) այն խմբերը, որոնք ազատված են համավճարից:
ՀՀ Կառավարության նույն որոշմամբ սահմանված են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը (ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների այն տեսակները, որոնք տրամադրվում են վճարովի հիմունքներով բնակչության բոլոր խավերին):
Նույն որոշմամբ սահմանված են նաև սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց խմբերը:
Կից փաստաթուղթը կարող եք տեսնել այստեղ։
Բարև ձեզ կնեևեք մի բան հարցնեմ եթե հղին ունին հաշմանդամության կարգ ծնունդ օգնությունը անվճար է թե ոչ,
Եթե մարդը ունի երրորդ կարգի հաշմանդամություն, արդյոք անվճար են անալիզները
Ուռուցքի բիոպսիան հաշմանդամների համար վճարովի է թե ոչ