Բախտավոր է այն մարդը, ով ծնվել է առողջ ու հաջողակ աստղի ներքո: Հիմա, երբ մարդկային հարաբերությունները վերածվել են առևտրային շուկայի, երբ շփումը միմյանց հետ հենվում է շահի վրա, երբ անհատը, որպես հասարակության լիարժեք անդամ, մերժում է իր նմանին` ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցողին, հասկանում ես` աշխարհը շրջվել է: Մարդիկ դարձել են ավելի անտարբեր ու սառը դիմացինի նկատմամբ`չնկատելով ամենանուրբ ու վեհ զգացմունքները, նուրբ հոգու պերճախոսությունը: Ինչպես գիտենք «ԷԽՈ» ՀԿ թիմի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը, մատչելի պայմանների ապահովումն ու հասարակության իրազեկումը հաշմանդամ անձանց իրավունքների մասին: Շատ կարևոր է իմանալ հաշմանդամների իրավունքները`նպաստելով նրանց կյանքի դրական փոփոխությանն ու կայունացմանը: Հաճախ մեզ դիմում են` հարցնելով հաշմանդամների արտոնությունների մասին ուսումնական հաստատություն ընդունվելիս: Ասենք, որ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Շատ դեպքեր են եղել, երբ անտեղյակ լինելու հետևանքով հաշմանդամ անձը սովորելու համար վճարել է:
Շատերին հետաքրքրում է նաև հետևյալ հարցը, թե ինչ արտոնություններից են օգտվում հաշմանդամ աշխատողներ ունեցող գործատուները: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2006 թ-ի հուլիսի 13 թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները: Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին տրամադրելով աշխատավարձի մասնակի փոխհատուցում:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում`
• Զբաղվածության կենտրոններում հաշվառված հաշմանդամները:
• Ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք:
• Աշխատանքային տարիքի հասած և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք:
• Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները:
• Առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները:
• Երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք:
• Փախստականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում`գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ oրենք): Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է երկու տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանցը` մեկ տարի ժամկետով: Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:
Նմանատիպ հարցերը շատ են: Ցավալին այն է, որ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ, իմանալով ամեն ինչի գինը, չգիտեն դրանց իրական արժեքը: Չգիտեն, որ հոգում ամենահրաշալի զգացմունքներ արթնացնելու համար երբեմն մանրուքն էլ է բավական: Ցանկացած բարձունք տառապալից է, և առանց տառապելու չես լսի երաժշտությունը` հաղթանակի սկիզբ ազդարարող ու կյանքի փորձություններին ժպտացող մեղեդին: Մեր թիմը հավատում է լուսապայծառ, սիրով ու ջերմությամբ լի ապագային, որի կերտման գործում մեծ է մեզանից յուրաքանչյուրի դերը: