Դեկտեմբերի 2-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցի  ներկայացումը և ծրագրի եզրափակումը: Միջոցառումը կրում էր «MOTIVATION FINAL» խորագիրը:

Օրակարգում ներկայացված էին հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի խնդիրները, բացթողումները: Քննարկվեցին վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակները, որպեսզի դրանց  հետ առնչվող  հաշմանդամություն ունեցող անձը ստանա  բարձրագույն կրթություն՝ լինելով հասարակության լիարժեք, լիիրավ անդամ:

Բացումը սկսվեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ և ծրագրի հեղինակ  Սերյոժա Օհանջանյանի խոսքով. «Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության բուհական հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող կրթական ծառայությունների հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները, մշակել առաջարկություններ և ծրագրեր: Այդ նպատակին հասնելու համար գործադրվել են հետևյալ մեթոդները: Իրականացվել են լայնածավալ սոց. հարցումներ ՀՀ ազգաբնակչության տարբեր շերտերի շրջանում, կազմակերպվել են մի շարք մոնիթորինգներ, դիտարկումներ, շրջայցեր, նախաձեռնվել են նաև սեմինար-քննարկումներ երեք պետական և երկու ոչ պետական բուհերում, որոնք տվել են որոշակի արդյունքներ, որոնց հիման վրա էլ կատարվել են որոշակի եզրահանգումներ և հետազոտություններ»,-ասել է նա՝ հավելելով, որ բուհական համակարգերում որևէ հստակ քայլ չի ձեռնարկվում, իսկ ձեռնարկվելուց էլ՝ ոչ արդյունավետ, և որևէ կերպ չի նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման գործընթացում: Արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում բուհական ոլորտից և վերջինիս առնչվող բարեփոխումների մշակումից:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով  ներկա էր զեկույցի ներկայացմանը, ընդգծեց, որ նկատելի է դրական տեղաշարժ  կապված այս խնդրի հետ, բայց, իհարկե, հարցն ամբողջովին լուծված չէ: Նա հավելեց, որ առավել բարվոք է վիճակը դպրոցներում, որտեղ այժմ ներմուծված է ներառական ուսուցում՝ աուտիզմով երեխան, օրինակ, մյուս երեխաների հետ շփման արդյունքում դադարել է պարփակվել իր մեջ, չխոսող երեխան սկսել է որոշ բառեր արտաբերել: Ըստ Բախշյանի՝  բուհերում հաշմանդամություն ունեցող անձանց համար բավարար պայմաններ այսօր ստեղծված չեն:

Քննարկմանը ներկա էին նաև ծրագրի շրջանակներում համագործակցած երևանյան 3 պետական, 2 ոչ պետական և միջպետական բուհերի ներկայացուցիչները, որոնց էլ հանձնվեցին շնորհակալագրեր «ԷԽՈ» ՀԿ-ի կողմից՝ արդյունավետ համագործակցության համար.

  • Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան,
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան,
  • Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա,
  • «Հայբուսակ» երեվանի համալսարան:

Դե ինչ ‎MOTIVATION-ը հասավ իր այս տարվա եզրափակմանը, բայց այս ամենը հնարավոր չէր իրականացնել առանց  «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: